Մեծ երգիչ որին լսում էր ողջ աշխարհը

1924- ի մայիսի 22-ին Փարիզի 6-րդ շրջանում – ծնվել է Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան)- ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ

Ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ հայրը Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար։
1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում` բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին
Շառլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը։
Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։ Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում և հաջողություն է բերում։
1956-ին նա գրում է իր «Իմ կյանքի մասին» երգը, պատմելով իր հաջողության մասին։ 1960 թվականին՝ 36 տարեկան հասակում, նա գրում է “Je m’voyais déjà” երգը, որը նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Սրան հաջորդում եմ այլ ստեղծագործություններ՝ Tu t’laisses aller (1960), Les comédiens (1962), La Mamma (1963), Et pourtant (1963), For Me Formidable (1964), La Bohème (1965), Comme ils dissent (1972)…։ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում 1963 թվականին՝ Նյու-Յորքի Քարնեգի հոլում տված համերգից հետո։ Նա համերգներով է հանդես եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։
Հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Հեղինակել է 14 գրքեր, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ։
Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը։ «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է։
Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը եղել է թոքերի այտուցը։
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում։
Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։
Ազնավուրը ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ (1946 թվականի մարտի 16), երկրորդ անգամ՝ Էվելին Պլեսիսի հետ (1955 թվականի հոկտեմբերի 28), և երրորդ անգամ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ (1967 թվականի հունվարի 11)։ Այս ամուսնությունների արդյունքում ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։
Հորաքույրը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արուս Ազնավուրյանն է։
Ազնավուրն միակ քույր՝ Աիդա Ազնավուրը (ծնված 1923 թվականի հունվարի 13-ին),Ժորժ Կառվարենցի կինը։
Զարմիկը՝ Մայք Քոնորս (1925–2017), ամերիկացի դերասան , 1970 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր լավագույն հեռուստատեսային դերասանի համար։