Հայաստանը և հայերը ըստ «Գրանատ»-ի
[«Գրանատ»-ի 3-րդ հատորում զետեղված են «Հայ գրականություն» (սյունակներ 533-542), «Հայ եկեղեցի» (սյունակներ 542-543), «Հայաստան» (սյունակներ 477-480), «Հայեր» (սյունակներ 521-533), «Հայոց լեզու» (սյունակներ 543-544) հոդվածները]:
Հայաստանը երկիր է Առաջավոր Ասիայում, մի ժամանակ ինքնուրույն պետություն, այժմ բաժանված է Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև [այնուհետև տրված են Հայաստանի սահմանները, որոնք համընկնում են Հայկական լեռնաշխարհի սահմաններին, մակերևութապատկերը, բնաաշխարհագրական բնութագիրը, կլիման, տնտեսությունը, բուսական և կենդանական աշխարհը, սյունակներ 477-480]: Քաղաքական առումով նախկին Փոքր Հայքը և Մեծ Հայքի արևմտյան մասը պատկանում են Թուրքիային (Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Մամուրեթ ուլ Ազիզի, Դիարբեքիրի վիլայեթները՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Մուշ և այլ քաղաքներով), Մեծ Հայքի հարավ-արևելյան մասը պատկանում է Պարսկաստանին, Մեծ Հայքի հյուսիս-արևելյան մասը պատկանում է Ռուսաստանին [սյունակ 480]:
Հայերը պատկանում են կարճագանգ մարդաբանական տիպին, նրանք աշխատասեր են, հակված են ուսման, ընկալող են և գործունյա, տարբեր երկրներում նրանք հիմնականում առևտրականներ և արհեստավորներ են [սյունակ 521]: Կենցաղում սա խաղաղ ժողովուրդ է, բայց դառնում է հանդուգն խիզախության հասնող քաջ, երբ գործը վերաբերում է իրեն մոտ ինչ-որ բանի, հայերը ամուր կապված են ընտանիքին և տանը, ընտանեկան սովորությունները ամուր են, բարոյականության դեմ զանցանքները պատժվում են հասարակական կարծիքով [սյունակ 522]:
Հայերը միշտ և ամենուր մեծամասամբ հողագործներ են եղել. Կովկասում ապրող հայերի 97,3 %-ը գյուղացի է [էջ 522]:
Մինչև 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը հայերը վայելել են [ռուսական] իշխանությունների բարեհաճությունը, քանի-որ ռուսական վարչությունը և զինվորական ղեկավարությունը կարիք ունեին հայերի չեզոքությանը, այնուհետև ռուսական կառավարությունը սկսեց ռուսացման քաղաքականությունը [սյունակ 532]: Հայերը դժգոհությամբ ընդունեցին այդ քաղաքականությունը, ինչպես նաև հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին օրենքը, և իշխանությունները, սովորական վարչական միջոցներով չկարողանալով ազդել հայերի վրա, որոշեցին հայերի դեմ հանել տգետ և անկիրթ թաթարական զանգվածներին. այդպես են ծագել հայկական կոտորածները Ռուսաստանում [սյունակ 533]:
[«Հայ գրականություն», «Հայ եկեղեցի», «Հայոց լեզու» հոդվածները ցույց են տալիս, որ դրանք բավական հայտնի էին Ռուսաստանում և այդ հանրագիտարանում իրենց արժանի տեղն են գրավել այլ կրոնների և զարգացած մյուս ժողովուրդների լեզուների և գրականության կողքին]:
Հայերն ունեն մուգ մազեր, մուգ աչքեր, սովորաբար միջին հասակի են, ճակատը ուղիղ, լայն, միջին բարձրության, աչքերի միջև եղած հեռավորությունը ոչ հեռու, այտոսկրերը ցցված չեն, դեմքը միջին լայնության և երկարության, քիթը՝ սովորաբար երկար, նեղ, կեռ կամ արծվանման, բերանը՝ ոչ մեծ, աչքերը՝ խոշոր, խիտ հոնքերով և երկար արտևանունքներով, նրանց թիվը շուրջ 3 մլն է, Ռուսաստանում՝ 1,2 մլն [ սյունակ 521: Ըստ Մ. Նեյմանի, հայերի ընդհանուր թիվն այդ ժամանակ մոտ 5 մլն էր, տե՛ս նրա «Армяне» գիրքը, Երևան, 1990, էջ 26]:
Իմ առջև դրված խնդիրը լուծելու համար օգտագործել եմ հետևյալ հրատարակությունները. «Энциклопедический словарь товарищества Гранат и компания», т. 3, изд. 7-ое, т. 17, т. 23 (այսուհետև՝ «Գրանատ»), Большая энциклопедия, т. 1, изд. 3-е, СПБ, 1903; т. 2, изд. 3-е, СПБ, 1903; т. 7, изд. 2-ое, СПБ, 1903; т. 10, изд. 3-е, СПБ, 1903; т. 18, СПБ, 1904 (այսուհետև՝ «Մեծ հանրագիտարան»), Энциклопедический словарь, изд. Ф.А.Брокгауз, И.А.Ефрон, т. 1, СПБ, 1890; т. 3, СПБ, 1890; т. 18, СПБ, 1893; т. 26, СПБ, 1894; т. 64, СПБ, 1901; т. 67, СПБ, 1902 (այսուհետև՝ «Բրոկհաուզ»), Библейская энциклопедия, М., 1891 (այսուհետև՝ «Աստվածաշնչյան հանրագիտարան»):
Մինչև բուն նյութին անցնելը նշեմ, որ Անդրկովկասի արևելքում հաստատված ժողովրդի անվանումը չակերտների մեջ եմ առել, որովհետև այդ ժողովրդի իրական անվանումը «թուրքմանք» է կամ՝ «կովկասյան թաթարներ». նրանք բնիկ երևալու համար իրենց անվանում են «ադրբեջանցիներ» կամ, առավել անհեթեթ՝ «ազերիներ»:
Ուզում եմ հիշեցնել նաև, որ հայերի և վրացիների, Հայաստանի և Վրաստանի պատմության որոշ նյութեր հանրագիտարաններում ներկայացված են XIX դարի վերջի և XX դարի սկզբի պատմագիտության մակարդակով և հնացել են: Հանրագիտարաններից քաղված նյութերը թեև չակերտների մեջ չեն, այնուամենայնիվ ներկայացվում են համարյա բառացիորեն, իսկ իմ անհրաժեշտ դիտողություններն առնված են անկյունավոր փակագծերի մեջ:
[Այստեղ տրամաբանորեն պետք է հետևեր՝ «Ադրբեջանը և ադրբեջանցիները ըստ «Գրանատ»-ի» վերնագիրը, սակայն այս դեպքում տրամաբանությունը չի գործում, որովհետև Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար Անդրկովկասում այդպիսի ժողովուրդ և պետություն գոյություն չի ունեցել: Նրանց մասին նյութերը պետք է փնտրել նրանց իրական անվան տակ, այսինքն՝ «կովկասյան թաթարներ» կամ «Ատրպատականի թաթարներ» եզրերի տակ: Ցավոք «Գրանատ»-ի համապատասխան հատորները չհաջողվեց ձեռք բերել, սակայն նրանց մասին հոդվածների բովանդակությունը պետք է նույնը լինի, ինչպես մյուս հանրագիտարաններում: Այդ բացը կարելի է լրացնել «Գրանատ»-ի «Կովկաս» հոդվածով (հ. 23, սյունակներ 48-80]:
Անդրկովկասի բնակչությունը շատ վաղ է հասել զգալի մշակութային զարգացման ի դեմս վրացիների և հայերի, որոնք ունեցել են ինքնուրույն թագավորություններ [նույն տեղում, սյունակ 68-69]: Կովկասում, ի թիվս այլ ժողովուրդների, ապրում են վրացիներ [սյունակներ 69-70], հայեր (1,2 մլն). սրանք Անդրկովկասի ամենահին և մշակութապես ամենազարգացած ժողովուրդներից են [սյունակ 71], ատրպատականի թաթարներ (շուրջ 1,5 մլն), որոնք սելջուկյան թուրքերի և ΧΙΙΙ դ. թյուրք-մոնղոլների հետնորդներն են՝ զգալիորեն պարսկական խառնուրդով, իրենց մշակութային զարգացմամբ զիջում են Անդրկովկասի քրիստոնյա ժողովուրդներին [սյունակ 73]:


You must be logged in to post a comment.